ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոն մայիսի 5-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
«Արդեն առավել քան 10 տարի է մենք շատ արդյունավետ համագործակցում ենք և միջազգային հումանիտար իրավունքի գծով համատեղ ստեղծել ենք այնպիսի մի հարթակ, որը միավորում է եվրոպական երկրների լավագույն մասնագետներին և, իհարկե, երիտասարդությանը: Յուրաքանչյուր տարի մենք անցկացնում ենք համատեղ կոնֆերանսներ, որոնք շատ մեծ նշանակություն են ունենում ինչպես համալսարանական հանրության, այնպես էլ մասնագիտական հանրության համար: Ընդհանուր առմամբ` միջազգային իրավունքի զարգացումը Հայաստանում մեծապես պայմանավորված է և կլինի մեր նմանատիպ համագործակցություններից: Եվ ես շնորհակալ եմ Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչությանը և, իհարկե, Ժնևյան գլխամասային ներկայացուցչությանն այն համագործակցության համար, որակի համար, որը մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում ստանձնել և ունենալ»,- նշել է Արմեն Դարբինյանը` հույս հայտնելով, որ վերոնշյալ հուշագիրը էլ ավելի արդյունավետ կդարձնի հետագա համագործակցությունը:
Իր հերթին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում միջազգային հումանիտար իրավունքի և դրա խթանման մեծ կարևորությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ հեղինակավոր անձանց կողմից արդեն իրականացվել են բազմաթիվ քայլեր երկրում իրավունքի տվյալ ուղղության ներդրման և զարգացման ուղղությամբ, սակայն դեռևս առկա են որոշակի բացեր դրա ուժեղացման գործում: Այս իրավունքն անհրաժեշտ է ինտեգրել նորովի և նոր ջանքերով` հատկապես ներկայիս հակամարտության առկայության պարագայում: Ես ուրախ եմ ստորագրել այս հուշագիրը և հույս ունեմ, որ մեր երկարաժամկետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նույն խորությամբ և բարձր մակարդակով»,- ասել է նա:
Հուշագրի համաձայն` ՀՌՀ-ն և ԿԽՄԿ-ն շարունակելու են համատեղ աշխատել ուսանողների և դասախոսների շրջանում միջազգային հանրային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի ոլորտներում հետաքրքրության ավելացման ու գիտելիքների խորացման ուղղությամբ` դրանով իսկ նպաստելով վերոնշյալ ոլորտներում իրավաբանների ուժեղ դպրոցի ձևավորմանը, որոնք հետագայում ցանկություն կհայտնեն և կկարողանան արդյունավետ կերպով օգտագործել իրենց գիտելիքները պրակտիկ գործունեությունում: